ԱՊՀ երկների «Անօրգանական միացությունների, հիբրիդային ֆունկցիոնալ նյութերի և դիսպերս համակարգերի զոլ-ժել սինթեզ և ուսումնասիրություն» «Զոլ-ժել-2016» Չորրորդ միջազգային կոնֆերանս, 19-23 սեպտեմբերի 2016 թ., Երևան

Երևանի պետական համալսարան

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունել է Երևանումհամալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։ 1920թհունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականիփետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հինադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։ Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերի շնորհիվ, հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու են հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը,Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան։ Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվել հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։ 1920-ական թթվականներին համալսարանը գործել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի՝ սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ժողովրդական համալսարանում գործել է ընդամենը երկու ֆակուլտետ՝ հասարակագիտական և բնագիտական։ Իսկ արդեն 1921 թվականի հոկտեմբերից համալսարանն ունեցել է հինգ ֆակուլտետ՝ բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական և խորհրդային շինարարության։ Այնուհետև բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվել է գյուղատնտեսականի, իսկ 1922 թվականի մարտին բացվել է բժշկական ֆակուլտետը։

Կառավարության 1923 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ ժողհամալսարանը վերանվանվել է «Պետական համալսարան»։ Ըստ այդմ՝ բարձրացվել է «մայր» բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացվել են կրթօջախին ներկայացված պահանջները։ Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի է հրավիրել արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների։ 1933-1934 ուսումնական տարում համալսարանում գործում են տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և մանկավարժական ֆակուլտետներ։ 1934 թվականին մանկավարժական ֆակուլտետն առանձնացվել է և նրա հիմքի վրա կազմավորվել է մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)։ Նույն ուստարում բնագիտական ֆակուլտետը բաժանվել է երկու՝ կենսաբանական և քիմիական ֆակուլտետների։ Այսպիսով, 1935-1936 ուստարվանից համալսարանում ձևավորվել և սկսել են գործել ութ ֆակուլտետներ՝ պատմության, բանասիրական, իրավաբանական, երկրաբանա-աշխարհագրական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական։1945 թվականին բացվել և մինչև 1953 թվականը գործել է նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1957 թվականին Պետական համալսարանին որպես առանձին ֆակուլտետ միացվել է Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որը 1961 թվականին կրկին առանձնացել է։ 1959 թվականին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվել և ինքնուրույն միավոր է դարձել ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975 թվականին առանձնանցել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ Հատկապես 1960-1990-ական թվականները համալսարանի համար դարձել են աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվել են նոր ֆակուլտետներ, ստեղծվել են գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվել է հայագիտական կենտրոն։ Զգալիորեն աշխուժացել է հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակվել են նաև դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ և այլն։ 1991 թվականին Երևանի պետական համալսարանն արդեն ունեցել է 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր են պատրաստվել 32 մասնագիտությունների գծով։

1995-1996 ուսումնական տարին Երևանի պետական համալսարանի համար նշանավորվել է նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ։ Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհեր, անցան երկաստիճան կրթական համակարգի։ 1990-ականներից մինչ օրս հետևողական աշխատանք է տարվում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի չափորոշիչների, ուսումնական գործընթացի բարելավման հետ կապված չափանիշների և կանոնակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ։ Ուսումնառության գործընթացն առավել ճկուն դարձնելու համար մշակվել և կիրառվում է գիտելիքների գնահատման կանոնակարգ, որը նախատեսում է մասնագիտական առարկաներից ընթացիկ քննությունների հանձնում։

Համալսարանում գործում է նաև կրթական երրորդ աստիճանը, որի ծրագրով իրագործվում է հետդիպլոմային պատրաստություն՝ ասպիրանտական եռամյա կրթություն։ Ուսումնառությունն ավարտվում է ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանությամբ և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմամբ։ Համալսարանում գործում են ատենախոսության պաշտպանության մասնագիտական 11 խորհուրդներ։ Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ։ Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ։ Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 215-ը պրոֆեսորներ են, 546-ը՝ դոցենտներ, 424-ը՝ ասիստենտներ, 489-ը՝ դասախոսներ։ Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 39 ակադեմիկոսներ և 25 թղթակից անդամներ։ Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով։

2006 թվականից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը։