ԱՊՀ երկների «Անօրգանական միացությունների, հիբրիդային ֆունկցիոնալ նյութերի և դիսպերս համակարգերի զոլ-ժել սինթեզ և ուսումնասիրություն» «Զոլ-ժել-2016» Չորրորդ միջազգային կոնֆերանս, 19-23 սեպտեմբերի 2016 թ., Երևան

Ծիծեռնակաբերդ

1960-ականները հայ ժողովրդի կյանքում հայտնի են որպես զարթոնքի, համախմբման, անցյալը վերարժևորելու ժամանակաշրջան:

1965 թ. Հայոց եղեռնի 50-ամյակի կապակցությամբ Սփյուռքում անց էին կացվում բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները կարևորում էին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցումը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցելու գործում մեծ է եղել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի դերը: 1964 թ. Հայաստանից մի խումբ մտավորականներ նամակ են գրել ՀԿԿ կենտկոմին՝ խնդրելով թույլատրել կառուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Երկար դիմում-խնդրանքներից հետո վերջապես 1965 թ. ՀԽՍՀ նախարարների խորհուրդն այդ հուշարձանը կառուցելու մասին որոշում է կայացրել: Նույն թվականի ապրիլի 1-ին հայտարարվել է կոթողի լավագույն նախագծի համար մրցույթ, որին կարող էին մասնակցել նաև սփյուռքահայ ճարտարապետներ: Մրցույթի ավարտին ներկայացվեց մոտ 70 նախագիծ: Ըստ մրցույթը կազմակերպողների` այդ կոթողը պետք է մարմնավորեր նաև հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, նրա կենսունակությունը, ներկան և վառ ապագան: Քվեարկությամբ ընտրվեց «ՀՍՍՌ դրոշակ» ծածկանվամբ նախագիծը (հեղինակներ՝ Սաշուր Քալաշյան, Արթուր Թարխանյան): Վայրն ընտրել էին հեղինակները: Հուշահամալիրը կառուցվել է 1965-1967 թթ., որի համար ծախսվել է 400000 ռուբլի: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին` խորհրդային Հայաստանի 47-րդ  տարեդարձի օրը: Հուշահամալիրն զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական երեք կառույցներից՝ հավերժության տաճարը, հուշասյունը և հուշապատը:

Համալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ, որոնց բնակչությունը թուրքական ոճրագործության զոհ է դարձել: Հուշապատը  նաև մի ուրույն պատնեշ է, որը հուշահամալիրը  բաժանում է  Հրազդանի հանդիպակաց ափի բնակելի տարածքից: 1996 թ. հուշապատի հակառակ կողմում ամփոփվել են օտարազգի այն անհատների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության: Այդ նվիրյալներն են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆայեզ էլ Ղուսեյնը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս 15-րդը, Քարեն Եփփեն: 

«Վերածնվող Հայաստան» հուշասյունը սլաքաձև է, դեպի երկինք է խոյանում 40 մ բարձրությամբ: Այն խոր ակոսներով բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր ընձյուղների, որոնք արտահայտում են կյանքի շարունակականության, ազգի վերածննդի գաղափարը: Ըստ հեղինակների`  հուշասյունը բույսի ցողուն է, որը ցավի տապանը պատռել և դուրս է եկել՝ խորհրդանշելով շարունակվող կյանքը: Հավերժության տաճարը կառուցված է դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 մույթերով: 12 թիվն ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից: Դեպի տաճարի սրահը և հավերժական ջահն են տանում հարթակից իջնող անսովոր բարձր աստիճանները, որոնք այցելուներին ստիպում են խոնարհվել Եղեռնի զոհերի հիշատակի առջև:
Հուշասրահի խորքից մշտապես հնչում են Կոմիտասի, Մ.Եկմալյանի հեղինակած սգո մեղեդիները, որոնց հետ ներդաշնակորեն միահյուսվում է հավերժության կրակը: Կրակն արտահայտում է վերքի չսպիանալու, հավերժ մխալու գաղափարը: Կենտրոնական կլոր ծավալով այդ տապանը նույնպես, հեղինակների պատկերացմամբ, ճաքել է ցավի ուժգնությունից, պատռվել, և բացվել է վերքը:  

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցի առիթով 1995 թ. բացվեց Հայոց ցեղասպանության թանգարանը: Թանգարանը կառուցվել է (ճարտարապետներ` Ս.Քալաշյան, Ա.Թարխանյան, քանդակագործ` Ֆ.Առաքելյան) բացառիկ նախագծով: Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով: Թանգարանի առաջին հարկը ստորգետնյա է, այստեղ են նաև 170 հոգու համար նախատեսված Կոմիտասի անվան դահլիճը, գիտական ու թանգարանային պահոցները, գրադարանը, ընթերցասրահը: Թանգարանային ցուցադրությունը երկրորդ հարկում` 1000քմ տարածքով: Առկա է հիմնական երեք` փակ և բացօթյա մեկ ցուցասրահ: 

Ավելի մանրամասն տեղեկատվություն կգտնեք հետևյալ կայքէջում՝ www.genocide-museum.am