ԱՊՀ երկների «Անօրգանական միացությունների, հիբրիդային ֆունկցիոնալ նյութերի և դիսպերս համակարգերի զոլ-ժել սինթեզ և ուսումնասիրություն» «Զոլ-ժել-2016» Չորրորդ միջազգային կոնֆերանս, 19-23 սեպտեմբերի 2016 թ., Երևան

Գեղարդ

Գեղարդի վանք, միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է, որը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից է, մեր յուրօրինակ հնություններից մեկը։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարիսկիզբ)։ Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։

Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության, կառուցվել է 1215 թ․՝ Զաքարյանների օրոք։ 13-րդ դարում Պռոշ իշխանն այն գնում է Զաքարյաններից և կառուցում վիմափոր շենքերը (ճարտարապետ Գալձագի գլխավորությամբ)։

Առավել ստույգ տեղեկություններ է հաղորդում Հովհաննես կաթողիկոսի պատմագիրը (IX-X դդ)։  X դարի առաջին քառորդում պատմիչը արաբների հալածանքից խույս տալու նպատակով Դվինից գալիս է Գեղարդ (Այրիվանք) և այդտեղից անցնում Սևանա կղզի։ Արաբական մի գունդ, հետապնդելով նրան, հարձակվում է Այրիվանքի վրա, կոտորում միաբաններին, ավերում վանքի կառուցվածքները և կողոպտում հարստությունը։ Վանքը ժայռափոր կառույցների բարդ համալիր է՝ կազմված գլխավոր տաճարից, երկու գավիթներից և երկու եկեղեցիներից, ունի նաև մի շարք խուցեր և դամբարաններ։ Ժայռափոր շինության մուտքը, ներսի պատերն ու սյուներր զարդարված են գեղեցիկ քանդակներով։ Տեղանքին յուրօրինակ գրավչություն ու վեհություն են տալիս վանքը շրջապատող բարձրաբերձ քարաժայռերը։ Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոններից էր։ Կար դպրոցգրադարանգրչատուն և այլն։ Այստեղ են ապրել ու ստեղծագործել պատմիչներ Մխիթար Այրիվանեցին և Սիմեոն Այրիվանեցին, որոնք մեծ աշխատանք են ծավալել գրչության արվեստի զարգացման բնագավառում։ Դպրոցն ունեցել է հարուստմատենադարան։ Մեզ են հասել հայերեն շատ ձեռագրեր, որոնց մի մասը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։

Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, բայց եղել է անմատչելի, Գեղամա լեռներն էլ՝ նրան հուսալի պաշտպան։ 

Ավանդություն «Աշխարհակալին Լենկթեմուրայ լուեալ զանուանելի հրաշագործութեանց սրբազան վանիցս, անձամբ անձին դիմէ ի փորձ լինել պատմաբանութեանս։ Անթիւ զօրօք յարձակի ի ձորն ամայի, հրամայէ յոխորտանօք ծաղրաբանելով բերել նմա զսուրբ նշանն Գեղարդայ։ Բայց այնինչ ձեռք բարձրացուցանեն զնիզակն առ հարկանել զսուրբ նշանն, յական թօթափել գունդք բիւրաւոր զօրաց անմարմնոց, զրահաւորեալ և ի զգեստս երփներանգս, յարձակին ի վերա ամենուստեք։ Թշնամին սուրբ հաւատոյ ոչ կարացեալ տանել անգամ և զտեսիլ զայս ահաւոր, տեսանելով մանաւանդ զշփոթ և զհարուած իւրայնոցն, յորոց բազմաց դէմի թիկունս դառնայ, այլոց ձեոք գօսանան, բազմաց կուրութիւն յաւիտենական փակէ զլոյսն տունջեան, այլք իբրև արկան անկենդան անդ մնան կարկառեալ, դառնայ առ իւրսն ողբագին և գոչէ. «Ադամ, գեօր գեջ» (Տե՛ր իմ, տե՛ս, անց)։ Ապա մեծաւ հաոաչանօք մաղթէ զթողութիւն, ընծայէ զպարգևս մեծամեծս և դառնայ յետս»։

Լսած լինելով Գեղարդի վանքի հրաշագործությունների համբավը՝ Լենկթեմուրը որոշում է անձամբ փորձել այն։ Անթիվ զորքով հարձակվում է ամայի ձորի վրա և հոխորտանքով ու ծաղրաբանությամբ հրամայում է բերել իր մոտ Գեղարդի Սուրբ նշանը։ Հենց որ բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես բյուրավոր աներևույթ զրահավորված զինվորներ գույնզգույն համազգեստներով, ամեն կողմից հարձակվում են թշնամու վրա։ Իրարանցում է ընկնում Թեմուրի զորքի մեջ. ոմանք փախուստի են դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերը կուրանում են։ Տեսնելով այդ՝ սարսափահար Լենկթեմուրը թողություն է խնդրում, Սուրբ նշանից և մեծամեծ պարգևներ խոստանալով նրան, ետ է վերադառնում։