ԱՊՀ երկների «Անօրգանական միացությունների, հիբրիդային ֆունկցիոնալ նյութերի և դիսպերս համակարգերի զոլ-ժել սինթեզ և ուսումնասիրություն» «Զոլ-ժել-2016» Չորրորդ միջազգային կոնֆերանս, 19-23 սեպտեմբերի 2016 թ., Երևան

Զվարթնոց

Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Ս. Գրիգորի տաճարը գտնվում էր Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3 կմ դեպի հարավ։ 

Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության, կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661 թթ., արտածվում է Ջվարթնոցի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցը օծվել է 652 թ.-ին։

Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դարի վերջը։ XX դարի սկգբին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված նյութերի, նախքան Ջվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դարերի կառույցներ։ Հնագույնը՝ 0,63 մ × 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Ջվարթնոցի թանգարանում) Ռուսա II ուրարտական արքայի սեպագիր արձանագրությամբ՝ շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։ Ենթադրաբար Զվարթնոցի տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավ-արևմտյան մասից, ուր պալատն է), կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ Ջվարթնոցը արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է։ Հարավային մասում է տեղադրված եղել արևային բոլորակ ժամացույցը։

Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը նորատիպ կառույց էր։ Հետագա դարերում հայկական ճարտարապետությունը մեծապես կրել է Ջվարթնոցի ազդեցությունը։ Ջվարթնոցը հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումարն էր, Հայաստանի քաղաքակրթական ընդհանուր զարգացման արգասիքը։ 1937 թ.-ին Ջվարթնոցի ավերակներից ոչ հեռու կառուցվել է փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրվում են պեղված նյութերը։